ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Երիտասարդության եւ համայնքների գործողությունների ծրագրի (ԵՀԳԾ) շրջանակներում մարտի 15-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մեկնարկել է «Երեւանը 5 օրում-2010» երիտասարդների քաղաքացիական կրթության ծրագիրը: Արդեն չորրորդ անգամ իրականացվող այս հնգօրյա միջոցառման նպատակն է Հայաստանի համայնքներում բնակվող երիտասարդներին հնարավորություն տալ ավելի մոտիկից ծանոթանալու պետական կառույցների, քաղաքացիական հասարակության խնդիրներով զբաղվող տեղական եւ միջազգային ՀԿ-ների աշխատանքներին, ինչպես նաեւ հարստացնելու գիտելիքները իրենց` որպես ժողովրդավարական պետության քաղաքացիների, իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ:

Այս տարի Հայաստանի 10 մարզերը ներկայացնող 43 երիտասարդներ ժամանել են Երեւան այցելելու տարբեր պետական կառույցներ եւ հանդիպելու ՀՀ Նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի, Կառավարության, առաջին ատյանի եւ վճռաբեկ դատարանների, Սպորտի եւ երիտասարդության հարցերի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների հետ: Նրանք նաեւ մասնակցելու են քաղաքացիական հասարակության վերաբերյալ ինտերակտիվ սեմինար-հանդիպումների տեղական եւ միջազգային ՀԿ-ների մասնակցությամբ` հարստացնելու քաղաքացիական հասարակության, ընտրական համակարգի, լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման համակարգի ինչպես նաեւ հակակոռուպցիոն նախաձեռնությունների վերաբերյալ ունեցած իրենց գիտելիքները:

Ծրագրի բացման ժամանակ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման ողջունել է մասնակիցներին` նշելով, որ քաղաքացիների մասնակցությունը ՀՀ կառավարման գործընթացներին ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկն է: