Արցախում  «Հայազն» կուսակցության կողմից կազմակերպված երկրորդ վրանային Բանակումի մասնակիցներն առաջին օրն այցելել են Շուշի, որտեղ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն, երիտասարդներին ներկայացրել է Շուշիի ազատագրման գործողությունը, պատասխանել նրանց հարցերին: Բանակումին մասնակցել են շուրջ չորս տասնյակ երիտասարդներ:

Այնուհետեւ,  ճամբարականները շարժվել են դեպի բանակավայր՝ Քաշաթաղի Խաչինտափ գյուղ: Բանակման ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ Հայազնի հետագա գործունեության, ազգային-ազատագրական եւ ազգային-հեղափոխական ռազմավարության եւ մարտավարության շուրջ: Անցկացվել են ճամբարականների ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությանը նպաստող միջոցառումներ:

Ճամբարականներին այցելել են վերլուծաբան Տիգրան Կյուրեղյանը, Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթեւոսյանը, Արցախյան Պատերազմի հրամանատար Արարատ Ծատուրյանը, Քաշաթաղի վարչակազմի ու Արցախի այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերաբնակիչներ, հյուրեր արտերկրից:

Երկրորդ բանակումը ավարտել է իր աշխատանքը օգոստոսի 9-ին: