Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռ չի հանդիպել ղարաբաղա-ադրբեջանական սահմանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Երեւանյան պատվիրակությունից: Նրանք նաեւ նշեցին, որ դեռ չեն կարող ասել, թե երբ կկարողանան հանդիպել հայ տղայի հետ, քանի որ դա գործընթաց է, որը ժամանակ է պահանջում:
Ավելի վաղ Հակոբի հորեղբոր տղան` Նորիկ Ինջիղուլյանը, NEWS.am-ին հայտնել էր, որ Հակոբ Ինջիղուլյանին հանդիպել են Ադրբեջանի Կարմիր Խաչի աշխատակիցները եւ հայտնել, որ Հակոբը լավ է: «Հիմա այլ նորություն չկա, երեւի նորություն կլինի երկուշաբթի, երեքշաբթի»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը Ոսկեվազ գյուղի բնակիչ է եւ մինչեւ ծառայության մեկնելը սովորել է Ճեմարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով, ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, սոցիալապես անապահով են, իսկ Հակոբը ընտանիքի մեծ որդին է: Նա ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում: Իսկ մոլորվել եւ սահմանը պատահաբար հատել է, երբ գնացել էր ջուր բերելու: Գյուղապետը նշել էր, թե ինքն ու գյուղացիները երկար ժամանակ չէին համարձակվում Հակոբի ծնողներին պատմել կատարվածի մասին: Ավելի ուշ տղայի տուն էին գնացել ռազմական ոստիկանության աշխատակիցները եւ հայտնել: Ինչից հետո հայրը գնացել է նախարարություն: Դիմել են նաեւ «Կարմիր Խաչին»:
«Ծնողների վիճակը շատ վատ է: Հատկապես մոր վիճակը: Ամբողջ գյուղը հավաքվում, գնում-գալիս են: Մինչեւ տեսնենք ինչ է լինում»,- ներկայացրել էր գյուղապետը:
Նշենք, որ ԼՂՀ ՊՆ-ն դեպքից հետո հայտնել էր, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:





























