Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր՝ օգոստոսի 12-ին, հերթական խորհրդակցության ժամանակ, հանձնարարել է պատրաստել Գլխավոր պողոտայի` Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց եւ Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերն ու կազմել դենդրոնախագիծ` 2014 թվականի տարեկան ծրագրում ներառելու եւ իրականացնելու համար:
«Պետք է աշխատանքներ տանել Գլխավոր պողոտայի երկու հատվածները բարեկարգելու եւ կանաչապատելու ուղղությամբ: Պետք է վերականգնենք երեւանցիների կողմից ժամանակին սիրված հանգստի գոտիները եւ ունենանք տեսանելի փոփոխություններ մայրաքաղաքի այս հատվածներում»,-ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լենինգրադյան-Իսակով եւ Ուլնեցի-Ռուբինյանց նոր ավտոճանապարհների կառուցման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն` երկու հերթափոխով: ճանապարհների որոշ հատվածներում արդեն մեկնարկել են բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները:
Նշվել է, որ ընթացքի մեջ են «Հաղթանակ» զբոսայգում ներդրումային ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները:
Զեկուցվել է նաեւ Նոր Խարբերդ թաղամասի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ու գազաֆիկացման ընթացիկ աշխատանքների մասին:
«Անվտանգ Երեւան» ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված` «Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ կատարվում են միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքներ, առաջիկայում լրամշակումից հետո կներկայացվի կոնկրետ նախագիծ:





























