Անհայտ անձը, օգոստոսի 11-ի երեկոյան, զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ  Լենինգրադյան փողոցում գտնվող  մի ռեստորանում  մի խումբ անձինք վիճաբանում են: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 18 անձանց:

Պարզվել է, որ  ռեստորանում տեղի ունեցող միջոցառման մասնակիցներից 31-ամյա Կարեն  եւ 25-ամյա Դավիթ Ղ.-երը ու ոմն Գագիկ վիճաբանության մեջ են մտել Կորյուն  Ե.-ի հետ, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ապա վիճաբանությունը շարունակվել է միջոցառնման մյուս մասնակիցների միջեւ եւ մոտ 20-25 րոպե տեւողությամբ զուգորդվել  փոխադարձ խուլիգանական հայհոյանքներով, ինչի հետեւանքով խախտվել է  ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը եւ վնասվել գույքը:

Վիճաբանության ժամանակ Կորյուն  Ե.-ն ստացել է քթի վնասվածք, իսկ Կարեն Ղ.-ն «ճակատային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել հիվանդանոցում եւ հեռացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական  միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: