Ես ոստիկանությունից, ոչ զենք եմ խնդրում, ոչ թիկնապահ, պարզապես հայտարարել եմ, որ ճիշտ են բոլոր այն մարդիկ, ովքեր գտնում են, թե իմ եւ իմ ընտանիքի անդամների կյանքին լուրջ սպառնալիք կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով, գործ ունեն Հայաստանի վերջին 100 տարիների ամենախոշոր ոճրագործներից մեկի հետ՝ հանձինս Սուրիկ Խաչատրյանի եւ բանդայի: «Հիմա ինձ կանչել են ոստիկանություն, եթե իմ կյանքին վտանգ է սպառնում, պարտադիր է, որ ես գնամ ոստիկանություն: Ես չեմ հրաժարվել հանդիպելուց: Ասել եմ՝ խնդրեմ, եկեք ինձ մոտ կամ քաղաքում մի սրճարանում հանդիպենք: Ոստիկանություն, դատախազություն, ՀՔԾ  ես կմտնեմ միայն մի դեպքում, երբ որ այդ խոշորամասշտաբ ոճրագործին եւ նրա բանդայի նկատմամբ քրեական գործ հարուցված կլինի եւ նա կալանավորված կլինի»,- ասաց Սամվել Հարությունյանը: Ինչպես  նաեւ հերթական անգամ նշեց, որ Սյունիքի նախկին մարզպետին պետք է ձերբակալել եւ կալանավորել: «Ինչո՞ւ չեն կալանավորում, ձերբակալում այդ տխրահռչակ Լիսկային, որովհետեւ միայն իմ կողմից հրապարակված մոտ 50 փաստերը կհարյուրապատկվեն եւ կհազարապատկվեն»,- կարծիք հայտնեց Սամվել Հարությունյանը: 

Ավելի վաղ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանից եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պահանջել  էր ապահովել իր անվտանգությունը: Իսկ ոստիկանությունը պատրաստակամություն էր հայտնել ապահովել  Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի անվտանգությունը: «Հիշեցնում ենք, որ այդ կարգի դիմումներն անցնում են որոշակի արարողակարգ, ինչից հետո համապատասխան որոշում է կայացվում: Եթե խնդիրն իսկապես վերաբերում է անվտանգության ապահովմանը, Սամվել Հարությունյանը լրատվամիջոցներով հանդես գալու փոխարեն կարող էր դիմել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում: Այնուամենայնիվ, եթե նա ընտրել է դիմելու այս տարբերակը, ոստիկանությունը տեղյակ է հայտարարությանը, եւ անպայման համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: