Քաղաքագետ, վերջերս «Ազատություն» ռադիոկայանի համակարգողի պաշտոնից ազատված Աղասի Ենոքյանին աշխատանք են առաջարկել Կառավարությունում: Լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Աղասի Ենոքյանը:
Նրան առաջարկել են Կառավարությանն առընթեր «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, բայց քաղաքագետը դեռ վերջնական համաձայնություն չի տվել:
«Հենց լինի հրամանը, այդ ժամանակ որոշումս ձեզ կասեմ, եկեք սպասենք: Առաջարկ եղել է, բայց ոչ վարչապետի կողմից: Ես դեռ լավ տեղյակ չեմ` ինչ է նշանակում այդ աշխատանքը, դեռ մի քիչ պետք է հասկանամ, թե ինչ է նշանակում այն, չգիտեմ այդ աշխատանքի էությունն ինչ է, պետք է ծանոթանամ, վերջնական այո չեմ ասել»,- ասաց նա:
Աղասի Ենոքյանը ենթադրում է, որ Կառավարությունում իր աշխատանքը շատ չի տարբերվելու «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքից: Նա նշեց, որ բավականին մեծ զբաղվածություն ունի, զբաղվում է բիզնես գործունեությամբ, դասավանդում է համալսարանում:
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում գրել է, որ մեր գործընկեր, քաղաքագետ, վերջերս «Ազատություն» ռադիոկայանի համակարգողի պաշտոնից ազատված Աղասի Ենոքյանին ՀՀ կառավարությունում աշխատանք են առաջարկել: «Նրան առաջարկել են ղեկավարել կառավարությանն առընթեր «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի տնօրենի պաշտոնը թափուր էր: Հավանաբար, մոտ օրերս նրա հրամանը կլինի: Տեղեկացանք, որ առաջարկն արվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից»,- գրել է թերթը:





























