Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարաած երիտասարդները պատրաստվում են այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 14-ին հովանոց տեղադրել:
Այս առնչությամբ, նրանք հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է.
«Շարունակվում է հուլիսի 26-ից քաղաքապետարանի դիմաց մեկնարկած անժամկետ նստացույցը: Հաշվի առնելով եղանակային պայմանները եւ մեր առողջական վիճակը, ելնելով խաղաղ հավաքներ անցկացնելու մեր սահմանադրական իրավունքից եւ այդպիսի հավաքների անցկացման ժամանակ մասնակիցների համար բարենպաստ պայմաններ ապահովելու` պետության պարտավորությունից, հայտարարում ենք, որ ներկա պայմաններում մեր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից՝ արեւի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար նպատակահարմար ենք գտնում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 14:00 տեղադրել հովանոց:
Հայտնում ենք ոստիկանությանը, որ դրանով չենք խոչընդոտելու այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, չենք խաթարելու պետական կամ այլ մարմինների անխափան գործունեությունը, հասարակական կարգը:
Առաջնորդվում ենք ՀՀ Սահմանադրության 38 հոդվածով մեզ տրված իրավունքով՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:
Գոռ Առաքելյան,
Վահագն Մինասյան,
Սուրեն Սահակյան
13.08.2013 թ.




























