Ինչպես հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հարցը, այնպես էլ Ռուսաստանում շուկաներից մեկում տեղի ունեցած միջադեպը՝ կապված հայերի հետ, արհեստականորեն են ուռճացվում: Այս մասին, այսօր` օգոստոսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը եւ առաջարկեց այդ հարցերը «բրդի պես չգզգզեն»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում օրական մոտավորապես 30 հայ է մահանում, իսկ 70 ռուս: Արշակյանը նշեց, որ այնտեղի մահացող հայերն այստեղից գնացողներն են:
Աղասի Արշակյանի կարծիքով՝ պետք չէ խոշորացույցով նայել այդ դեպքերին, քանի որ այդ մահացող հայերից մեկը մյուսի փորն է դանակ մտնում, մյուսը վթարից կամ իր բնական մահով է մահանում:
Անդրադառնալով Հրաչյա Հարությունյանի դեպքին, նա նշեց, որ այնտեղի հիվանդանոցներում բոլորին էլ նույն խալաթն են հագցնում: «Ես ուզում եմ ասել, որ եկեք մեր մեջ ման գանք մեր դժբախտությունը, այլ ոչ՝ ուրիշի»,- ավելացրեց Աղասի Արշակյանը:
Հիշեցնենք, որ Նոր Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի վթարի գործով կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան էր տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս էին բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան էին բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել: Նա Ռուսաստան էր մեկնել որդու շիրմաքարի համար գումար վաստակելու:




























