Հայաստանը պետք է Եվրասիական միություն մտնի, ավելին՝ անցնի ռուբլու գոտի: Այս մասին, այսօր` օգոստոսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը: Իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ Ազգային միացյալ նախաձեռնության ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանն ասաց, որ ընտրություն կատարելիս պետք է նայել, թե որ քաղաքակրթությունն է Հայաստանին ավելի մոտ:

Նրա խոսքով՝ Աղասի Արշակյանը ռուսական դպրոց է գնացել, ռուսական ֆիլմեր է նայել, հետեւաբար այլ կարծիք ունենալ չի կարող:

Շանթ Հարությունյանն ընդգծեց, որ երբ կայսրությունը կորցնում է իր հումանիզմն ու քաղաքակրթական որակները, սկսում է խալաթ հագցնելով ընդգծել իր ազդեցությունը: «Դա թուլության նշան է՝ քեզ կսպանեմ, կկախեմ եւ այլն»,- ասաց Շանթ Հարությունյանը եւ ավելացրեց, որ ինքը արեւմտյան քաղաքակրթության կողմնակից է:

Աղասի Արշակյանն ասաց, որ անկախությունը վերածվել է անկապության, ինչին ի պատասխան Շանթ Հարությունյանը ասաց, որ դա Ռուսաստանի քաղաքակրթության արդյունքն է: Աղասի Արշակյանի դիտարկմանը, թե արեւմտյան քաղաքակրթությունը կբերի գեյություն, պոռնկություն, նարկոմամանիա, աղանդավորականություն, Շանթ Հարությունյանը հակադարձեց. «Եթե հայ ժողովուրդն ընդունակ չէ գոմիկ դառնալ, չի դառնա, իսկ եթե ընդունակ է՝ վերջ»: Նրա խոսքով, Արեւմտյան քաղաքակրթությունը նախ եւ առաջ մարդկային արժանիքների գնահատումն է: