Բնակարանային վերաբաշխման արդյունքում ընտանիքը քնում է բաց երկնքի տակ:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին են դիմել Երեւան քաղաքի Նազարբեկյան փողոցի 48 շենքի երեք բնակչուհիներ եւ հայտնել, որ երկար տարիներ է իրենց ընտանիքները բնակվում են այդ շենքում, սակայն դատարանի վճռի հիման վրա վերջերս վտարվել են զբաղեցրած բնակարաններից եւ հայտնվել անօթեւանի կարգավիճակում:

Կանայք հայտնել են նաեւ, որ շենքի՝ նույն կարգավիճակում գտնվող 16 ընտանիքներից 7-ը բնակարանների վերաբաշխման արդյունքում կրկին ապահովվել են բնակարանով, իսկ մյուս 9-ը ընտանիքներին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից մերժել են` պատճառաբանությամբ, որ նշված շենքում ազատ բնակարաններ չկան: Մինչդեռ, դիմումատուների պնդմամբ, թիվ 48 շենքում առկա են ազատ, չբաշխված բնակարաններ:

Դիմումատուներից մեկն իր ընտանքով այժմ բնակվում է շենքի տանիքում՝ բաց երկնքի տակ, մյուսը՝ շքամուտքում , իսկ երրորդ ընտանիքը մի քանի օրից պետք է ազատի զբաղեցրած բնակարանը եւ անչափահաս երեխաների հետ հայտնվի փողոցում:

Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանն արդեն իսկ գրություններ է ուղարկվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն: