ՆՏՎ հեռուստաալիքը փակել է «Երկաթյա լեդին» թոք-շոուն, որը վարում էին Թինա Կանդելակին եւ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Այդ մասին օգոստոսի 13-ին իր թվիթերյան էջում գրել է SNC ամսագրի գլխավոր խմբագիր Քսենյա Սոբչակը։

Սոբչակը նշել է, որ «Երկաթյա լեդին» փակել են ցածր վարկանիշի պատճառով։ «Նույնիսկ Սիմոնյանի դեկրետային արձակուրդի ավարտից հետո շոուն չի վերաբացվելու»,- նշել է լրագրողը։ Հիշեցնենք, որ նախօրեին Սիմոնյանը դուստր է ունեցել։

ՆՏՎ-ի մամլո ծառայությունում Lenta.ru-ին շոուի փակման պատճառների վերաբերյալ օպերատիվ մեկնաբանություններ չեն կարողացել տալ։ Հեռուստաալիքի կայքում դեռեւս հնարավոր է հայտ ներկայացնել՝ որպես հանդիսատես շոուին մասնակցելու համար։

«Երկաթյա լեդի»-ի առաջին եթերաշրջանը ՆՏՎ-ի եթերում եղել է 2013թ. փետրվարից մինչեւ հունիս։ Հեղինակների մտահաղացմամբ՝ հաղորդավարները հրավիրված հյուրերին, այդ թվում նաեւ քաղաքական գործիչներին պետք է ուղղեին սուր հարցեր։ Կանդելակիի եւ Սիմոնյանի հյուրերի շարքում էին մասնավորապես Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, գործարար Միխայիլ Պրոխորովը եւ Մեծ Թատրոնի նախկին գլխավոր մենակատար Նիկոլայ Ցիսկարիձեն։ Շոուն ընթանում էր ուղիղ եթերում։