Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, փաստաբան Ա. Խալափյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ կապված «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ընկերության պոչամբարը սպասարկող խողովակաշարը վնասվելու հետ եւ պահանջում նոր քրգործ հարուցել:
Բողոք նամակում ասվում է.
«Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում հանքային արդյունաբերություն իրականացնող «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲ ընկերության օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյեմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետեւանքով խողովակաշարով հոսող թափոնաջրերը նշված ճանապարհով սկսել են հոսել եւ խառնվել Գեղանուշ գետի ջրերին, արդյունքում վնաս է հասցվել բուսական եւ կենդանական աշխարհին, բնակչության առողջությանը:
05.12.2013թ. Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հաղորդում է հանձնվել Սյունիքի մարզի դատախազություն:
07.08.2013թ. ստացել եմ 07.08.2013թ. որոշումը քրեական գործ հարուցելու մասին: Սույն որոշմանը ծանոթանալուց հետո ակնհայտ է դառնում, որ կատարվել է թերի, սուբյեկտիվ, մակերեսային եւ միակողմանի քննություն, սույն որոշմամբ ընդամենը արձանագրվել է, որ ճանապարհին մերձակա հողատարածքը աղտոտվել է ծանր մետաղներով: Մեր կողմից բողոքարկվող որոշման մեջ նշված է, որ ընկերության հարստացուցիչ Ֆաբրիկայի հարստացման պոչանքները բարձր ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր եւ ծանր մետաղներով աղտոտել նշված ճանապարհի մերձակա 30 քմ հողատարածքը, շրջակա միջավայրին պատճառելով էական` 300.000 ՀՀ դրամի վնաս:
Խնդրի առնչությամբ առկա են մի շարք հարցեր, որոնց բացահայտման դեպքում միայն հնարավորություն կստեղծվի հասկանալ միջադեպի իրական պատճառները, բողոքարկվող որոշումը կայացնելուց առաջ հարգարժան դատախազն այդպես էլ չի փորձել պարզել, թե ի սկզբանե պոչամբարը սպասարկող խողովակաշարը կարո՞ղ էր դիմանալ արդյոք թափոնաջրերի ճնշմանը, ե՞րբ է կառուցվել պոչամբարը եւ ո՞ւմ կողմից, ե՞րբ է այն ենթարկվել ընթացիկ եւ հիմնական վերանորոգումների, ի՞նչ կազմակերպություն է իրականացնում խողովակաշարի սպասարկումն ու պահպանությունը եւ, վերջ ի վերջո, որո՞նք են խողովակաշարը շահագործման հանձնելու իրավական հիմքերը, ներկայումս խողովակաշարը օրինական հիմունքներով է շահագործվում, թե ոչ:
Անտեսվել է նաեւ այն հանգամանքը, որ «Փորձաքննությունների ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի N13-0016Դ եզրակացությամբ հաստատվում է, որ Գեղանուշի պոչամբարի շինարարությունն իրականացվել է նախագծային փաստաթղթերին եւ առաջադրանքներին ոչ համապատասխան:
Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք վերացնել մեր կողմից բողոքարկվող որոշումը, հարուցել քրեական գործ` նախաքննություն կատարելու համար այն ուղարկելով քննիչին»:





























