Լիբերալ-դեմոկրատները պայքարելու են, որպեսզի բլոգեր Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ մեղադրանք առաջադրվի՝ վերջինիս նախընտրական քարոզարշավը արտերկրից ֆինանսավորվելու համար: Այդ մասին Մոսկվայում, այսօր՝ օգոստոսի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Ժիրինովսկիի կարծիքով ստացված ամբողջ գումարը փոխանցվել է, այսպես կոչված, «մեկօրյա կազմակերպությունների» հաշիվներին: «Նավալնին հազար անգամ խաբեբա է»,-ասել է նա: Սա միակ պիտակը չէ, որով Ժիրինովսկի որակավորում է բլոգերին: Նրա կարծիքով՝ Նավալնին «նոր Գուսինսկին ու նոր Գայդարն է»:
ՌԼԴԿ առաջնորդը բլոգերին եւ նրա շրջապատին մեղադրում է խաբեբայության եւ հանցավոր եղանակներով ձեռք բերած գումարների օրինականացման մեջ: Ինչպես հաղորդում է Pravda.ru-ն, Ժիրինովսկին կարծում է, որ Ալեքսանդր Նավալնիին սպառնում է երեք հոդվածներից բաղկացած մեղադրանք՝ նվազագույնը 15 տարվա ազատազրկմամբ:
Օգոստոսի 12-ին Ռուսաստանի գլխավոր դատախազը հայտնել է Նավալնիի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետաքննության առաջին արդյունքները: Կառույցի տվյալներով՝ միջոցները ստացվել են այդ թվում նաեւ ՌԴ սահմաններից դուրս, ինչն օրենքով արգելված է: Հետաքննության արդյունքները գործ հարուցելու համար փոխանցվել են ՆԳՆ: Հետաքննությունն անցկացվում է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պահանջով:



























