«Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկման ժամանակ ներկա էինք միայն ես եւ մի կին թարգմանիչ։ Հետաքրքիր է՝ ո՞ւր էր այդ ժամանակ Շվեդիայում Հայաստանի դեսպանն այն դեպքում, երբ նրա թուրք գործընկերը նստած էր դահլիճում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության մամուլի նախկին քարտուղար, այժմ Շվեդիայում բնակվող Ռուզան Խաչատրյանը։
Նրա խոսքով, քննարկմանը ներկա չի եղել ՀՅԴ կամ ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ, այն ժամանակ, երբ վերջիններս ներկա են եղել ԱՄՆ Կոնգեսում տեղի ունեցած նմանօրինակ քննարկումներին։ «Այս ամենը զայրացուցիչ է, հատկապես որ քննարկումները Շվեդիայի խորհրդարանում շատ բուռն էին։ Կարելի է կարծել, որ սա պայմանավորված է Շվեդիայի՝ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի հանդեպ ունեցած դիրքորոշմամբ։ Չէ՞ որ հենց ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավարն էր ներկայացրել մի բանաձեւ, որում արդարացիորեն խոսվում էր ՀՀ իշխանության կողմից իր ժողովրդի դեմ բանակի դուրսբերման մասին»,- ասել է Ռուզան Խաչատրյանը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է Շվեդիայի Ձախ կուսակցության որոշիչ դերը, որը տարիներ շարունակ հետեւողականորեն հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ «Ձախ կուսակցությունից հիանալի հանդես եկավ պատգամավոր Հանս Լինդեն։ Մեզ մնում է խորին երախտագիտություն հայտնել Շվեդիայի Ձախ կուսակցությանը եւ ձախերի կոալիցիային, որոնք դրական արդյունքի համար արեցին ամեն ինչ»,- ամփոփել է Ռուզան Խաչատրյանը։



























