«Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ձերբակալվածների դատավարությունների մասին ԵԱՀԿ զեկույցը թեպետ պատրաստ է եղել անցած տարվա հուլիսին, սակայն ներկայացվել է ավելի ուշ, քանի որ դա կապված է հսկայական աշխատանքի, մի կույտ փաստաթղթեր ներկայացնելու հետ»,- մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը։

Նրա խոսքով, քանի որ եվրոպական իրավաբանական պրակտիկայում քաղբանտարկյալների մասով հստակ ձեւակերպում չկա, դժվար է ասել, թե ընդդիմության՝ անազատության մեջ գտնվող 14 ակտիվիստները քաղբանտարկյալնե՞ր են, թե` ոչ։ «Այս առումով հարցը շատ բարդ է։ Ընդդիմությունը նրանց քաղբանտարկյալներ է կոչում, սակայն նրանցից շատերին զուտ քրեական մեղադրանք է առաջադրված»,- նկատեց Սերգեյ Կապինոսն՝ ավելացնելով. «Իսկ եթե որեւէ մեկին դատարանի կայացրած որոշումն անարդար կթվա, նա կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Նրա համոզմամբ, անազատության մեջ գտնվողները մարտյան իրադարձոււթյունների հետեւանքով ձերբալկալված մարդիկ են, եւ նրանց կարգավիճակի մասին դատողություններ կարող է անել միայն դատարանը։ «Իսկ հայաստանյան դատական համակարգում խնդիրներ դեռ շատ կան։ Թեեւ 90-ակաների համեմատությամբ տարբերությունը մեծ է, սակայն դատական բարեփոխումների խնդիրն ակնհայտ է»,- կարծիք հայտնեց Սերգեյ Կապինոսը։

Ի պատասխան խնդրանքին՝ մեկնաբանել Հայ ազգային կոնգրեսի՝ հունիս-սեպտեմբեր ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը վերջինս համոզմունք հայտնեց, որ Հայաստանում իրավիճակը կայուն է եւ անձամբ ինքը չի կանխատեսում այնպիսի իրավիճակ, որը կբերի արտահերթ ընտրությունների։