Երեւանի քաղաքապետարանի դիմացից, այսօր օգոստոսի 13-ին, բերման է ենթարկվել ակտիվիստ Միհրան Մելքոնյանը: Այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատեց նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նաեւ փոխանցեց, որ նա կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, սակայն մանրամասներ չփոխանցեց:

Այս դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը, որում մասնավորապես, ասվում է.

«Օգոստոսի 13-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել  ակցիայի  մասնակիցներից Սպիտակ քաղաքի բնակիչ 22-ամյա Միհրան Մելքոնյանին, որը 2011 թ. փետրվարի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով՝ դասալքության համար, դատապարտվել է  3 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման: «ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա նա Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ պայմանական-վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից եւ հաշվառվել ԱՊԿ բաժնի Լոռու բաժանմունքում: Սակայն այս տարվա ապրիլի 22-ից սկսած՝ բաժանմունք չի ներկայացել՝ միաժամանակ բացակայելով բնակավայրից»,- փոխանցեցին ոստիկանությունից: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ հունիսի 21-ին որոշում է կայացրել դատապարտյալ Միհրան Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժինը հուլիսի 2-ին, որպես պատժից խուսափող դատապարտյալի՝ Մելքոնյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, եւ ստուգումներով պարզվել է, որ Միհրան Մելքոնյանը Սպիտակում վերջին անգամ եղել է այս տարվա ապրիլին: Միհրան Մելքոնյանը իրավապահների տեսադաշտում հայտնվել էր դեռեւս 2008 թվականին՝ գտնվել է հաշվառման մեջ հակահասարակական արարք կատարելու համար՝ Երեւան քաղաքում նրա մոտ սառը զենք հանդիսացող դանակ էր հայտնաբերվել: Միհրան Մելքոնյանը բերման ենթարկվելուց հետո հանձնվել է ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներին»: