Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է եւս մեկ դրվագով` «Արաբկիր-2» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով 3 անձի վերաբերյալ նախաքննությունը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երեւանի «Արաբկիր-2» տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ. Թադեւոսյանը, պետությունից յուրացման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Ալեքսանյանի, Ս. Սարհատյանի եւ Վ.Գրիգորյանի հետ, յուրացման եղանակով կատարել է զգալի չափերի հափշտակություն։

Մասնավորապես՝ Գ. Թադեւոսյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչ-վճարողները պարզել են տեւական ժամանակով կենսաթոշակ չստացած եւ կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, ինչպես նաեւ` իրականում հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները:

Ըստ քրեական գործի նյութերի՝ 2009թ. մայիսից 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում վճարային ցուցակներում կեղծելով դիտարկված կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են  կենսաթոշակի գումարները եւ Գ. Թադեւոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Է. Ալեքսանյանին եւ Ս.Սարհատյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Վ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով` համաներման ակտի ընդունման հիմքով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործը հարուցվել է 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: