Թբիլիսիի քաղաքային դատարանում, այսօր՝ օգոստոսի 13-ին, շարունակվել են ՊՆ նախկին ղեկավար Բաչո Ախալայայի գործով դատական լսումները: Նիստը սկսվելուց առաջ դատարանի շենքի դիմաց Ախալայայի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել: Դատարանի մոտ հավաքվել են «Նախկին բանտարկյալները հանուն քաղբանտարկյալների իրավունքների» ՀԿ-ի եւ այլ կազմակերպությունների անդամները, որոնք բողոքել են ընդդեմ Ախալայայի դեմ մեղադրանքներից մեկով արդարացման դատավճռի:
Նրանց ձեռքին եղել են պաստառներ. «Բաչո Ախալայա, քո տեղը աղբանոցում է», «Ավել, ավել, ավել արագ», «Ռեժիմը պետք է դատապարտվի»:
Այստեղ են եկել նաեւ «Ազատ գոտի» կազմակերպության ներկայացուցիչները, որպեսզի աջակցեն Ախալայային: Երկու հակադիր ուժերի միջեւ բախում է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», նախկին քաղբանտարկյալ Ֆրիդոն Մերաբիշվիլին ձերբակալվել է «Ազատ գոտու» անդամին հայհոյելու համար:





























