Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի հարազատները այսօր` օգոստոսի 13-ին, Կարմիր Խաչի երեւանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայրը` Արման Ինջիղուլյանը:

«Մեզ կոնկրետ մեկ հարց էր մտահոգում, որի պատասխանը այդպես էլ հստակ չստացանք, թե ինչու Կարմիր Խաչի Բաքվի ներկայացուցիչները չեն գնացել մեր էրեխուն տեսնելու: Ասացին, որ այս ամենը գործընթաց է, որը հարգում են եւ պետք է ըստ կարգի կատարվի»,- ասաց Արմանը եւ ավելացրեց, որ այդ պատասխանն իրենց չի գոհացրել եւ վաղն առավոտյան արդեն պարզ կլինի, թե առաջիկայում ինչ քայլերի կդիմեն:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակության ներկայացուցիչը հանդիպել է գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին:

ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությունից NEWS.am-ին հայտեցին, որ պատվիրակ Դրագան Ռանկովիչի հետ հանդիպման ժամանակ զինվորի հարազատները խնդրել են տեղեւկություն հաղորդել Հակոբի մասին եւ անհանգստություն հայտնել, որ մինչ օրս ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցիչները Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպելու թույլտվություն չեն ստացել: «ԿԽՄԿ-ն շարունակում է գաղտնի երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հայ ռազմագերու հարցով»,-ասացին ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությունում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ ցուցադրեց իր լիակատար արհամարհանքը Միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ: Հերթական անգամ գերեւարված անձի մոտ ժամանակին թույլ չեն տվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, փոխարենը հարվածային տեմպերով «հարցազրույց» են կազմակերպել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը Ոսկեվազ գյուղի բնակիչ է եւ մինչեւ ծառայության մեկնելը սովորել է Ճեմարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, սոցիալապես անապահով են, իսկ Հակոբը ընտանիքի մեծ որդին է: Նա ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում: Իսկ մոլորվել եւ սահմանը պատահաբար հատել է, երբ գնացել էր ջուր բերելու: Գյուղապետը նշել էր, թե ինքն ու գյուղացիները երկար ժամանակ չէին համարձակվում Հակոբի ծնողներին պատմել կատարվածի մասին: Ավելի ուշ տղայի տուն էին գնացել ռազմական ոստիկանության աշխատակիցները եւ հայտնել: Ինչից հետո հայրը գնացել է նախարարություն: Դիմել են նաեւ «Կարմիր Խաչին»: «Ծնողների վիճակը շատ վատ է: Հատկապես մոր վիճակը: Ամբողջ գյուղը հավաքվում, գնում-գալիս են: Մինչեւ տեսնենք ինչ է լինում»,- ներկայացրել էր գյուղապետը:

Նշենք, որ ԼՂՀ ՊՆ-ն դեպքից հետո հայտնել էր, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: