ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքն է քննարկվել միջգերատեսչական հանձնաժողովի՝ մարտի 15-ին կայացած հերթական նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, ամփոփելով 2009 թվականին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի գործունեությունը, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում բավական ակտիվ է գործել, արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ, եւ այդ մասին հայտարարել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում ստեղծվել են ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումները, Ղազախստանում կայացել են առաջին զորավարժությունները, որոնց մասնակցել են նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարարության համապատասխան ստորաբաժանումները:

Անվտանգության խորհրդի քարտուղարը կարեւորել է շուրջ 10 տարի քննարկվող հարցի լուծումը` քաղաքական որոշման արդյունքում այսուհետ ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկի դեմ ագրեսիան ընդունվում է որպես ՀԱՊԿ-ի դեմ ագրեսիա::

Արթուր Բաղդասարյանը նաեւ մատնանշել է 2010 թվականի գլխավոր խնդիրները` ռազմատեխնիկական եւ ռազմաարդյունաբերական համագործակցության ակտիվացում ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ, ակտիվ մասնակցություն «Կանալ», "Նելեգալ., «Պրոքսի» միջոցառումներին: