Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները գոհ են երկկողմ համարբերությունների զարգացման ընթացքից, մասնավորապես երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության եւ կապերի դիվերսիֆիկացման ռեկորդային տեմպից:

«Իսկապես, մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Չնայած համաշխարհային տնտեսության ընդհանուր բարդ իրավիճակին, մեզ մոտ ապրանքաշրջանառության աճը նախորդ տարի կազմել է 47 տոկոս, դա մեր ռեկորդներից մեկն է»,-Բաքվում ասել է Պուտինը՝ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Ռուսաստանը Ադրբեջանի առեւտրային գործընկերների ցանկում երկրորդ տեղում է:

Իր կողմից, Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Պուտինի այցը երկկողմ հարաբերությունների համար լրացուցիչ ազդակ կլինի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ինչպես հաղորդում է РБК daily-ն, նեղ եւ լայն կազմերով բանակցություններից հետո, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը նախատեսել են մամուլի ասուլիսով հանդես գալ, սակայն վերջին պահին նրանք որոշել են սահմանափակվել մամուլի համար հայտարարությամբ:

Պուտինի Բաքու այցի առթիվ Բաքվի նավահանգիստ են մտել «Դագեստան» հրթիռակիր նավը եւ փոքր հրետանային «Վոլգոդոնսկ» նավը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտին-Ալիեւ բանակցությունների արդյունքում սպասվում է, որ կկնքվեն 5-6 երկկողմ փաստաթղթեր, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում։

Ռուսական պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը եւ այլ պաշտոնյաներ։

Ուշակովն ընդգծել էր, որ երկու երկրների միջեւ ծրագրվում է համագործակցություն՝ ԱԻ նախարարությունների մակարդակում։ Բացի այդ համաձայնագրեր կարող են ստորագրվել նաեւ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում։

Սպասվում է նաեւ, որ նախագահները կանդրադառնան այնպիսի առանցքային միջազգային եւ տարածաշրջանային հարցերի, ինչպիսիք են Կասպից ծովի իրավական ռեժիմն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։