«Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում առաջիկա օրերին հերթական հետաքրքիր անակնկալն է երեւանցիներին մատուցվելու: Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակում աշխատանքներ են տարվում եռաչափ նկարների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով Երեւանում է Գերմանիայից ժամանած աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե եռաչափ գլխավոր նկարի` Կարապի լճի թեման ընտրվել է տեղանքին համապատասխան եւ առաջին անգամ է պատկերվում: Աշխատանքը կատարվում է ծածկի տակ` հատուկ ջրակայուն եւ ջերմակայուն ներկերով: Զուգահեռ, Ազատության հրապարակում, Նիկոլայ Արնդտի խորհուրդներով, եռաչափ նկարներ են ստեղծվում երիտասարդ հայ նկարիչների ձեռքով:

Օգոստոսի 10-ից մեկնարկած աշխատանքները վերջնական տեսք կստանան երկու օրից: Նշենք, որ երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կկարողանան լուսանկարվել եւ եռաչափ պատկերը հստակ տեսնել միայն կոնկրետ նշված կետից: