Ոստիկանները դեռ չեն հայտնաբերել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի` Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գտնվող բնակարանից գողություն կատարած անձանց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆելիքս Թոխյանը:
Նա նշեց, որ ոչ գողություն կատարողները, ոչ գողոնը չեն հայտնաբերվել, բայց ինքը մեծ հույսեր է կապում ոստիկանների հետ: «Հույսով ենք եւ միանշանակ վստահ ենք, որ ոստիկանները ամեն ինչ կանեն, լուրջ աշխատում են, անպայման արդյունք կլինի»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փաստորեն իրավապահներից գոհ եք, ՍԴ դատավորն ասաց. «Կասկածո՞ւմ եք: Մարդիկ աշխատում են, ինչ կարողանում են, անում են, վստահ եմ, որ իրավապահ մարմինները իրենց պարտքը կկատարեն եւ գողոնը կհայտնաբերեն, եւ հանցագործներին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Երեւանում կողոպտել են Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի բնակարանը: NEWS.am-ի տեղեկություններով, անհայտ անձը կամ անձինք ուրբաթ օրը մտել են Թոխյանի` Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գտնվող բնակարան, գումար եւ թանկարժեք իրեր տարել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, կողոպտել են նաեւ մեծ գումար, որը Թոխյանն օրերս վարկով վերցրել էր բանկից: Ոստիկանությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը եւ հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հունիսի 13-ին ժամը 09:30-ից 16:30 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով ներս են մտել բնակարան եւ այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր, բիժուտերիա, 7 հազար 300 ԱՄՆ դոլար, 300 եվրո եւ 2 միլիոն 900 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր նյութական վնասը կազմում է 14 միլիոն ՀՀ դրամ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով (գողություն):





























