ՀՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի փեսա Գալուստ Սահակյանն անհեթեթություն է համարում իր աներձագի մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գալուստ Սահակյանը:

«Դրանք մեկնություններ են, որոնք շրջանառվում են Հայաստանում բոլորի նկատմամբ: Բնականաբար, նման բան չէր լինի, բայց հակառակը կլիներ, եթե խոսեինք բարեգործության մասին, կխոսեին: Աշոտ Աղաբաբյանը, ճիշտ է, իմ աներձագն է, բայց իմ մեկնությունները կապված չեն դրա հետ, նա թիմի անդամ է, եւ կարծում եմ` բավականին լուրջ ներդրում ունեցող թիմի անդամ, այնպես որ բացարձակ անհեթեթություններ են»,-ասաց Գալուստ Սահակյանը` վստահություն հայտնելով, որ իր աներձագը որեւէ մեկին չի սպառնա:

Դիտարկմանը, թե այդ աշխատակիցը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել եւ իրավական գործընթաց է սկսվել, ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ «երբեմն շանտաժը նաեւ այդ ճանապարհով է գործում»: «Չեմ կարծում, որ դա իրողություն է եւ կարելի է կապել Աշոտ Աղաբաբյանի հետ: Չեմ կարծում, որ ինչ-որ նախկին աշխատող ինչ-որ խնդիրներ ունի եւ դրա հետեւանքով շանտաժի պետք է գնար, պարզապես երեւի դրդում են շանտաժի, համենայն դեպս, տեղեկացված չեմ, որ ավելի մանրամասն գնահատականներ տամ: Իրավապահները թող մտածեն, անհոգ եղեք, եթե ինչ-որ մի բան կա, որը հանցածին է, մտածեք, որ եւ Աշոտ Աղաբաբյանը, եւ ես նման իրողությունները շատ բացասական ենք գնահատելու»,- ասաց փեսան`շեշտելով, որ որեւէ մեկը չէր կարող տեսնել Աշոտ Աղաբաբյանին հոխորտանքներով դիմելիս:

Նշենք, որ «Փաստինֆոն» գրել էր, որ  «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, նույն ինքը` «Բուռնաշի» դեմ` նշելով վերջինս սպառնացել է վերացնել իրեն եւ աղջկան, իսկ փեսան էլ առեւանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: «Փաստինֆո» գործակալության՝ հավաստի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Շահբազյանի հաղորդման հիման վրա, ով երկար տարիներ աշխատել է «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ում՝ որպես կառավարական օթյակում խոհանոցային եւ հավաքարարների աշխատանքները կառավարող: Նշված ընկերության հիմնադիրն Աշոտ Աղաբաբյանն է: Լ.Շահբազյանը մոտ 1 տարի առաջ Աշոտ Աղաբաբյանից պարտքով վերցրել է 5 մլն. դրամ` բիզնես սկսելու համար: Ընդ որում, գումարը նրան տվել է ոչ թե անձամբ Աղաբաբյանը, այլ նույն ընկերության աշխատակից Արմեն Այվազյանը` Աղաբաբյանի հանձնարարությամբ:   Գումարը Շահբազյանն օգտագործել է ու չի կարողացել վերադարձնել: Բացի այդ, կուտակել է նոր պարտքեր:  2013թ. հունիսին ազատվել է աշխատանքից, քանի որ ստացած աշխատավարձով չի կարողացել վերադարձնել ունեցած պարտքերը, եւ խնդրել Աշոտ Աղաբաբյանին իրեն տրամադրել աշխատանքի վերաբերյալ տեղեկանք, որպեսզի կարողանա իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բանկում գրավադնի եւ ստացած վարկի գումարով փակի պարտքերը: Պայմանավորվածության համաձայն՝ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ժամհարյանի հետ գնացել են «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը,  սակայն Գագիկ Ժամհարյանը հայտնել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը չի կարող տրամադրել:

Արդեն «Հրազդան» մարզադաշտում Գագիկ Ժամհարյանը, ըստ դիմումատուի, առաջարկել է իրեն Աշոտ Աղաբաբյանի անվամբ տալ ավտոմեքենայի վերաբերյալ լիազորագիր, որով կգրավադրվի ավտոմեքենան «HSBC» բանկում եւ ստացված վարկի գումարով կփակվի պարտքերը, որին ինքը չի համաձայնել: Խոսակցությանը միջամտել է Աշոտ Աղաբաբյանի փեսան` Վարդան Հարությունյանը, ով պահանջել է շուտափույթ վերադարձնել պարտքերը: Շահբազյանը գրել է նաեւ պարտավորագիր՝ Աշոտ Աղաբաբյանին 20.200 ԱՄՆ դոլար պարտք լինելու մասին` դրա մեջ ներառելով նաեւ ընկերության մյուս աշխատակիցներից վերցված գումարները:   Մինչեւ պարտքերը վերադարձնելը, ըստ տիկնոջ, Գագիկ Ժամհարյանն ու Վարդան Հարությունյանը առաջարկել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան պահել իրենց մոտ, որին ինքը չի համաձայնել, ապա նաեւ նկատել է, որ սեղանի վրայից բացակայում է ավտոմեքենայի բանալին, իսկ Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո իր կայանած վայրում չի հայտնաբերել ավտոմեքենան: Լ.Շահբազյանի ենթադրությամ հնարավոր է այն առեւանգել է  իրենից առաջ աշխատասենյակից դուրս եկած Վարդան Հարությունյանը: Ի դեպ,  Լիանա Շահբազյանը ոստիկանությունում նաեւ հայտնել է, որ Աշոտ Աղաբաբյանն իր աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցության ընթացքում սպառնացել է իրեն, որ 2000 ԱՄՆ դոլար կտա մեկին` իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, կվերացնեն, ինչից էլ ինքը վտանգ է զգում եւ վախենում նշված սպառնալիքից:

Ոստիկահությունից հայտնել էին, որ նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Իսկ ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ նյութերը դեռ չեն ստացել: