Դատախազը վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի որոշումը եւ հարուցել քրեական գործ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկված Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը, ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Ֆ.Գեւորգյանին խոշտանգումների ենթարկելու մասին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2013թ. հունիսի 17-ի գրության հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերը, պարզել է, որ նախաքննական մարմնի կողմից գողության մեջ մեղադրվող Ֆ.Գեւորգյանը 2012թ. ապրիլի 28-ի դատավճռով ճանաչվել է անպարտ եւ արդարացվել:
Արդարացման հիմքում դատարանը դրել է նաեւ այն եզրահանգումը, որ դեռեւս նախաքննության ընթացքում Ֆելիքս Գեւորգյանն իր խոստովանական ցուցմունքը պայմանավորել է ոստիկանության աշխատակիցների կիրառած խոշտանգմամբ, սակայն տվյալ հայտարարության հիման վրա հետագա քննությունը կատարել եւ դատավարական որոշումը կայացրել է կրկին ոստիկանության քննիչը։
Այսինքն՝ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել կիրառված ֆիզիկական բռնությունների վերաբերյալ մեղադրյալի հայտարարությունների ստուգման եւ նրան ենթադրաբար խոշտանգած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչը հանգեցրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասից բխող պահանջների անտեսմանը։
Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը գործով մեղադրողի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որի 2012թ. հուլիսի 9-ի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ֆելիքս Գեւորգյանի դիմում-բողոքի հետ կապված դեպքին առնչվող անձանցից անկախ մարմնի` ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի քննության դեպքում է միայն հնարավոր խոսել արդյունավետ քննության նվազագույն չափորոշիչներից մեկն ապահովելու մասին եւ միայն այդպիսի քննությունը կարող է պատասխանել այն հարցին՝ անձի նկատմամբ խոշտանգումներ կիրառվել են, թե ոչ։ Հետեւաբար, նախաքննության ընթացքում խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ Ֆելիքս Գեւորգյանի դիմում-բողոքը քննության առարկա պետք է դառնա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում եւ միայն դրանից հետո դատարանը կարող է եզրահանգման գալ ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության մասին։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012թ. հուլիսի 9-ի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործը վերադարձվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի 2013թ. հունիսի 17-ի գրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իրազեկվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջի մասին, կից ուղարկվել է նաեւ իրեն խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ Ֆելիքս Գեւորգյանի 2011թ. հոկտեմբերի 17-ի դիմում-բողոքը։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ դատախազը վերացրել է Ֆ.Գեւորգյանի դիմում-բողոքի հիման վրա քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի՝ 2011թ. նոյեմբերի 28-ի որոշումը եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելու, վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:





























