35-ամյա տղամարդը Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում ծեծել է իրեն կանգնեցրած ոստիկաններին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

35-ամյա Զավեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոգելից խմիչք օգտագործած վիճակում վարել է «Ֆորդ Տրանզիտ Կոնեկտ» մակնիշի ավտոմեքենան, Երեւանի Հանրապետության հրապարակից մտնելով Ամիրյան փողոց, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկներում կանգնեցվել ծառայություն իրականացնող, ոստիկանության ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչներ` Կարեն Գ.-ի եւ Էդվարդ Ա.-ի կողմից:

Զավեն Պ.-ն ոստիկանների նկատմամբ գործադրել է վերջիններիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, հայհոյել է նրանց, դիտավորությամբ ձեռքերով հարվածել Կարեն Գ.-ի կրծքավանդակին` պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո փորձել դիմել փախուստի` վազելով դեպի շենքի բակ:

Քրեական գործ է հարուցվել 316   հոդվածի 1-ին մասով ` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել  է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել օգոստոսի 13-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը: