Մոսկվայում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին: Նրանց մեղադրում են բնակարանում ընդհատակյա շտաբ կազմակերպելու մեջ: Այնտեղ մուտք գործելու համար իրավապահները մի քանի ժամ կոտրել են դուռը:

Ձերբակալվել են «Նավալնիի եղբայրներ» խմբի ակտիվիստներ Օլեգ Կոզլովսկին, Ռոման Պերեվերզեւը, Կիրիլ Անդրեեւը եւ Վասիլի Դրովեցկին, հաղորդում է «ՕՎԴ Ինֆո»-ն:

Նախքան ձերբակալումը ակտիվիստները սոցիալական ցանցերի միջոցով հայտնել են, որ քաղաքացիական հագուստով մարդիկ, ենթադրաբար, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունից Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Նիկոլայ Լեւիչեւի կողմնակիցները, ուժ են կիրառել Պերեվերզեւի եւ Դրովեցկիի նկատմամբ: Ծեծի է ենթարկվել նաեւ «Պուսկայա պլանետա»-ի լրագրողը, հաղորդում է BFM.RU-ն:

Ստուգման նախաձեռնողը եղել է հենց Լեւիչեւը: Նա պատմել է, որ իր կուսակցությունը նախկինում եւս բախվել է ընդհատակյա տպագրատան եւ ոչ լեգալ թերթերի հետ, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Ոստիկանության հետ միասին եկել են նաեւ Նիկոլայ Լեւիչեւն ու եւս 5 պատգամավորներ: Ժամանած ոստիկաններն, իբր, տեսել են, որ բնակարանի պատուհանից ծուխ է դուրս գալիս եւ որոշել են կոտրել դուռը: Բնակարանում նրանք հայտնաբերել են մեծ քանակությամբ քարոզչանյութեր: Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները հայտարարել են, որ բոլոր քարոզչական նյութերը պատրաստվել են օրինականորեն, որը կարելի է տեսնել տպագրված նյութերում:

Ալեքսեյ Նավալնիի շտաբում զարմացած ու վրդովված են իրենց կողմնակիցներից մեկի բնակարանում տեղի ունեցածով:  Նավալնիի մամուլի քարտուղար Աննա Վեդուտը «Էխո Մոսկվիի»-ն ասել է, որ այդ բնակարանը ոչ մի առնչություն չունի իրենց թեկնածուի նախընտրական շտաբի հետ, եւ «Նավալնիի եղբայրներ» խմբի ակտիվիստները լրիվ անկախ են գործում: