ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը ցանկանում է գրություն ուղարկել Գլխավոր դատախազին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պարույր Հայրիկյանը:
«Բարեկամներս, ուզում եմ մի այսպիսի գրություն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ Սա հում նյութն է. նույնիսկ սեւագրություն չէ։ Շատ կուզեի լսել ձեր կարծիքները...
2013 թ.-ի հունվարի 31-ին իմ նկատմամբ իրականացված մահափորձի գործի նյութերում առկա են վկայություններ այն մասին, որ գործով որպես պատվիրատու հանդես եկող Վարդան Սեդրակյանը 2012թ. նոյեմբերին 100 000 ԱՄՆ դոլար է ստացել որոշակի անձից։ ՀՀ օրենսդրությունը պահանջում է որ որպես նախագահի թեկնածու հանդես եկող անձը վերջին մեկ տարվա գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնի, ինչը, օրինակ ես արել եմ ցույց տալով ամերիկյան դրամատներից իմ ստացած փոխառությունները։
Նախագահ դառնալ ձգտող Սեդրակյանը իր առաջին քայլերն սկսել է խաբեությամբ. Անկասկած նա այդ բանն անելու էական պատճառներ է ունեցել։ Բնական է, որ չէր կարող հրապարակել սպանության համար իր ստացած գումարը։ Սակայն ես դիմում եմ այլ հարցով. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակին բացահայտեր այդ խաբեությունը, ապա մենք մեկով պակաս գրանցված թեկնածու կունենայինք։ Եթե այդպիսի բան աներ ընտրված նախագահը, մենք իրավամբ նրան ապօրինի նախագահ կազդարարեինք եւ կխոսեինք պաշտոնազրկման մասին։ Մինչդեռ պետությանը, Հայաստանի քաղաքական կյանքին հետեւող միջազգային հանրությանը եւ միլիոնավոր քաղաքացիներին խաբող անձը պիտի անպատի՞ժ մնա ու շարունակի համարվել ՀՀ նախագահի նախկին թեկնածու։ Դիմելով Ձեզ ակնկալում եմ, որ օրենքով նախատեսված համապատասխան գնահատական կտրվի նրա արարքին եւ դրան զուգահեռ՝ նյութերը կփոխանցվեն ԿԸՅ համապատասխան որոշում կայացնելու հորդորով»։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էին երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Ավելի ուշ կալանավորվել էր նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:




























