Քաղաքաշինության նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Վարդանյանը դեռ  աշխատանքի հրավերներ չունի, բայց անգործ չի մնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Վարդանյանն ասաց, որ աշխատանքի հրավերներ չունի, զբաղվում է «խառը» բաներով` ընտանիք, երեխաներ, բիզնես. «Ամեն ինչով էլ զբաղվում եմ»,- ասաց նա:

ԲՀԿ անդամն տեղեկացրեց, որ իր բիզնես գործունեությունը գյուղատնտեսության` ձկնաբուծության, այգեգործության ոլորտում է, ինչպես նաեւ սպասարկման ոլորտում, ռեստորան ունի:

Նա դեռ չի որոշել` իր հետագա գործունեությունը կծավալի մասնավոր ոլորտում, թե պետական մարմնում աշխատանքը ավելի հոգեհարազատ է: Հարցին, թե պասիվ եք կուսակցական գործունեության մեջ, հնարավոր է սառել են հարաբերությունները ԲՀԿ-ի հետ, նա արձագանքեց. «Չէ, նորմալ, սովորական, ինչի՞, բացարձակ, նման խնդիր չկա եւ չի էլ կարող լինել»: Ի դեպ, Վարդան Վարդանյանը դեռ չի հասցրել մեկնել հանգստի, բայց անպայման կգնա: