Եգիպտոսի գահընկեց արված նախագահի կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ ընդհարումները շարունակվում են ամբողջ երկրում: Եգիպտոսի վերին հատվածում գտնվող Սոհաղ քաղաքում Մուրսիի կողմնակիցները այրել են ղպտիական գլխավոր եկեղեցին: Ղպտիների կոտորածը, որոնց «մահմեդական եղբայրները» համարում են իրենց հակառակորդներ, ընթանում են ամբողջ երկրի տարածքում: Lenta.ru-ն հայտնում է, որ ապստամբները այրում են նրանց տները, խանութներն ու եկեղեցիները:
Մուրսիի կողմնակիցների բողոքի ակցիաները եգիպտական Մինյա եւ Ասյութ քաղաքներում նույնպես ավարտվել են ոստիկանության հետ ընդհարմամբ: Ապստամբների դեմ, որոնց թիվը Ասյութ քաղաքում հասնում է մոտ 3 հազարի, կիրառվել է արցունքաբեր գազ: Մուրսիի կողմնակիցները քարերով եւ այրվող շշերով հարձակվել են ոստիկանների վրա, ինչից հետո անվտանգության ծառայողները կրակ են արձակել ապստամբների ոտքերի ուղղությամբ, հայտնում է Gazeta.ru-ն:
«Ալ- Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդել է. որ Եգիպտոսիկառավարության հրամանով օգոստոսի 14-ին ողջ երկրի տարածքում դադարեցվել է գնացքների շարժը: Դա տեղի է ունեցել ոստիկանության եւ տապալված նախագահ Մուրսիի կողմնակիցների միջեւ մեծածավալ ընդհարումների պատճառով:




























