Կապանի նախկին քաղաքապետ ՀՅԴ-ական Արթուր Աթայանը չի կարող առաջադրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, քանի որ դատարանի որոշմամբ երկու տարի իրավունք չունի ընտրովի եւ պետական պաշտոններ զբաղեցնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արթուր Աթայանը՝ արձագանքելով այն տեղեկություններին, թե ՀՅԴ-ի հավանական թեկնածուն նա է թիվ 38 ընտրատարածքում: Նա հիշեցրեց, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով եւ 2012թ-ի դեկտեմբերի 6-ին դատարանը վճիռ է կայացրել:
Հարցին, թե ինչո՞ւմ է մեղադրվել, նա պատասխանեց. «Քաղաքի կենտրոնական հատվածում 6 հատ տաղավար էր կառուցվել: Նախնական պայմանավորվածությամբ մենք թույլատրեցինք, որ դա կառուցեն, բայց հետագայում մարզպետարանը չտվեց թույլատվությունը: Ինձնից պահանջեցին դադարեցնել եւ տուգանել այդ 6 հոգուն: Ես հրաժարվեցի դրա համար էլ քրեական գործ հարուցվեց եւ նման որոշում կայացվեց»:
Նշենք, որ այդ ընտրատարածքում թեկնածու առաջադրելու մասին հայտնել է ՀՀԿ-ն, կուսակցությունը որոշել է այնտեղ առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին: ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ ամենայն հավանականությամբ, թեկնածու կառաջադրեն, սակայն այդ հարցը կքննարկեն օրերս:
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրումը սկսվել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ 15-ը, ժամը 18.00-ն: Գրանցումը կկատարվի օգոստոսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզչությունը կիրականացվի սեպտեմբերի 1-ից 27-ը: Թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:





























