Հրամանատարի տեղակալը ձեռքում եղած նոթատետրով երկու անգամ հարվածել շարքային զինծառայողի գլխին: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 37-ամյա Խաչիկ Պ-ն, հանդիսանալով ՊՆ թիվ N զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, իր նկատմամբ ստորադաս հանդիսացող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեւոն Գ-ի նկատմամբ բռնություն է գործադրել: Վերջինիս արտաքին տեսքի եւ համազգեստի խախտումների առկայության կապակցությամբ, մարտկոցի զինծառայողների ներկայությամբ դիտողություն անելով անպարկեշտ ձեւով ստորացրել է վերջինիս պատիվն ու արժանապատվությունը` հայհոյել է նրան եւ ձեռքում եղած նոթատետրով երկու անգամ հարվածել գլխին:

Քրեական գործ է հարուցվել 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաեւ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Սույն հոդվածը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Սեպտեմբերի 6-ին նշանակվել է դատական քննությունը: