Լոռիի բնակիչ 36-ամյա Լիլիթ Ք-ն ընկերուհիներին իր հետ տարել է մարմնավաճառության: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 36-ամյա Լիլիթ Ք-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու տարի շարունակ Հեղինե Ա-ին եւ Աննա Ռ-ին իր հետ տարել է մարմնավաճառությամբ զբաղվելու: Այդ եղանակով պարբերաբար նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը մակագրվել է օգոստոսի 12-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























