Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, Արցախյան ազատամարտի մասնակից, վաղամեռիկ Վահան Զատիկյանի եւ նրա ընտանիքի մասին ֆիլմ է նկարահանվում, որը կցուցադրվի նաեւ հեռուստատեսությամբ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նրա քրոջ ամուսինը` Մելս Հարությունյանը:
«Ֆիլմը Վահանի ընտանիքի մասին է: Նրանց կասկածելի մահվան մասով կոնկրետություն չկա: Ասվում է, որ ցավոք, այսպես ավարտվեց նրանց կյանքը: Ֆիլմը հիմնականում Վահանի մասին է, բայց տղաների, կնոջ, հարազատներին եւս անդրադարձ կատարվում է»,- պատմեց Մելս Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ֆիլմը 1.5 ժամ տեւողության է, սակայն դեռ չի կարող ասել, թե երբ կավարտվեն նկարահանման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին: Վերջինս Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան է: Նշենք, որ Անդրանիկ Զատիկյանի հայրն էլ` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին` Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել:
Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Ավելի վաղ, Անդրանիկ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ քիլերները դատական նիստին պատմել են, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի կրտսեր որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի մահը պատվիրվել է նրա սպանված եղբոր հետ միասին, սակայն նրանց խիղճը չի տարել, որ երկու եղբորն էլ վերացնեն:





























