Կարեւորը ոչ թե մեծաքանակ եւ թանկարժեք զենքի ձեռքբերումն է, այլ երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համգործակցության ծավալների ընդլայնմանը, որի մասին ընդգծել էր Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսում:
«Հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին Ալիեւը փորձում է ինչ-ինչ իրավիճակ ստեղծել, ներքին սպառման ինչ-ինչ մեսիջներ ուղարկել, հենց այդ պատճառով էլ նա խոսում է մեծ քանակի զենքի մասին` փորձելով «լվանալ» նավթադոլարները, որոնց քանակից Ադրբեջանի սովորական քաղաքացին իրենց ավելի լավ չի զգում»,- նշեց Հովհաննես Սահակյանը: Նա նաեւ պատմեց, որ եղել է Բաքվում եւ կարող է ասել, որ բացի քաղաքի կենտրոնից, քաղաքի մյուս շրջանները կարելի է համեմատել հին բնակավայրերի հետ:
Սահակյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ադրբեջանական ղեկավարության կողմից ստեղծված ողջ աժիոտաժը ուղղված է ներքին գործընթացներից բնակչության ուշադրությունը շեղելուն: «Իլհամ Ալիեւի երրորդ վերարտադրությանը կարող են տարբեր հանգամանքեր խոչընդոտել: Դրա համար ստեղծվել են «կեղծ» ընդդիմադիրներ, որոնք պետք է «հարձակվեն» Ալիեւի վրա»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ծավալը հասել է 4 մլրդ դոլարի եւ աճի միտում ունի: «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ՌՏՀ ծավալը կազմում է 4 մլրդ դոլար եւ աճի միտում ունի: Վստահ եմ՝ ապագայում այդ համագործակցությունն ակտիվորեն կշարունակվի»,- ասել է Ալիեւը եւ հավելել, որ Ադրբեջանը ռուսական զենքի առաջատար գնորդների շարքում է:





























