«Հրապարակը» գրում է, թե  ընդամենը վերջերս ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը` Դոգը, նոր պաշտոն է ստացել` կրկին համակարգում:

Նա ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում նշանակվել է ոստիկանապետի տեղակալ: Ուշագրավն այն է, որ այս նշանակումն արդեն քանի օր թաքուն է պահվում` ավելորդ աղմուկից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ Դոգն աշխատանքից հեռացվեց Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ:

Աղմուկը մեղմելու համար նրան հեռացրին աշխատանքից, ապա նաեւ ոստիկանապետի հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքներով հայտարարվեց խիստ նկատողություն: Բայց, ինչպես երեւում է, Վովա Գասպարյանը նրան երկար գործազուրկ չթողեց: Աղմուկն անցավ,  եւ նա նորից պաշտոն ունի: