Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչ արձագանք կունենար, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգի նման մի քանի ժամով վերածվեր տաքսու վարորդի, լսեր քաղաքացիների բարձրացրած խնդիրները, ասաց. «Կարծում եմ, երբ Նորվեգիայի վարչապետը նստել է այդ տաքսու ղեկին, գնացել նման քայլի, նա շատ վստահ է եղել, որ իրեն չեն անիծելու, դժգոհություններն էլ ընդհանուր են լինելու, կապված երկրի ընդհանուր խնդիրներին, այլ ոչ թե իր անձին։ Մեր վարչապետը ռիսկ չէր անի նման բան անել, եւ, կարծում եմ, մեր երկրի կառավարման մարմնի որեւէ ներկայացուցիչ ոիսկ չէր անի այդ քայլին գնալ, որովհետեւ ամեն մեկի հետ կապված այնքան պրոբլեմ կա, որ մարդկանց պատասխանելու բան չունեն»։

Իսկ եթե, այնուամենայնիվ, ՀՀ վարչապետը ռիսկի գնար, ապա տիկին Խառատյանը կարծում է, որ դա նրա վարկանիշը չէր բարձրացնի, բացի այդ՝ «Եվրոպական երկրներամ այդպիսի քայլերն արտառոց չեն, նրանք իրենց կնոջ հետ հանգիստ դուրս են գալիս տնից՝ քայլում, գնում թատրոն, կինո։ Կենդանի վարչապետին կամ նախագահին հանդիպելն արտառոց չէ, այդ մեզ մոտ է արտառոց»:

Նույն խնդրի առնչությամբ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց. «Իհարկե, ռիսկ չէր անի: Մեզ մոտ, ցավալի է, բայց պաշտոնյայի հեղինակությունը ստեղծվում է թանկ հագուկապի, շքեղ ավտոմեքենաների, թիկնապահների շնորհիվ, այսինքն անձի հեղինակությունը՝ ավտարիտետ կոչվածը, ոչ թաղային իմաստով, ստեղծվում է այդ տեսակ բաների վրա, ծանր կեցվածքի, մարդկանց վերեւից նայելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում