Եգիպտոսում անկարգությունները հասել են Հուրգադա քաղաք, նախօրեին այստեղ բախումներ են տեղի ունեցել Դահար հրապարակում: Մուրսիի կողմնակիցների եւ զինվորականների միջեւ բախումների հետեւանքով մեկ մարդ է զոհվել, 14 մարդ վիրավորվել է:
«Ադ Դուսթուր» պորտալի փոխանցմամբ՝ զոհվածը տեղի սրճարանի այցելուներից է եղել, գնդակը պատահաբար դիպել է նրա կրծքին, հաղորդում է «ԱՆ-online»-ը:
Եգիպտոսի իշխանությունները հայտարարում են չորեքշաբթի օրը 238 զոհերի, իսկ «Մահմեդական եղբայրները»՝ 2000 զոհերի մասին, հաղորդում է Gazeta.ru-ն: Իսկ «Առաջին ալիքն» էլ հաղորդում է 278 զոհի մասին:
Եգիպտոսի բանակը արտակարգ դրություն է հայտարարել երկրի գրեթե ողջ տարածքում: Օգոստոսի 14-ի երեկոյան հայտնի է դարձել փոխնախագահ Մուհամեդ ալ-Բարադեյի հրաժարականի մասին, սակայն նրա շատ ազատական կողմնակիցներ դեռեւս աջակցում են բանակի գործողությունները:
Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերը լուսաբանող երեք լրագրող է զոհվել վերջին մեկ օրում: Նրանցից մեկը Sky News-ի թղթակից Մայքլ Դինն է, մյուսը՝ «Ալ-Ահբար» թերթի թղթակից Ահմեդ Աբու ալ-Ջաուադը, երրորդը՝ ԱՄԷ-ից եկած 26-ամյա լրագրող Հաբիբ Ահմեդ Աբդ Էլազիզը:
ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում են Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները: ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնն ընդգծել է, որ «միայն բոլոր եգիպտացիների եւ միջազգային հանրության համաձայնեցված գործողությունները կարող են երկիրը հասցնել համընդգրկուն ժողովրդավարության եւ Եգիպտոսի խնդիրների հաղթահարման»:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ «ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Եգիպտոսում այսօրվա բռնությունն ու արյունահեղությունը»: Նրա հայտարարությունում նշվում է, որ ժամանակավոր կառավարությունը եւ զինվորանակնները հատուկ պատասխանատվություն են կրում հետագա բռնությունը կանխելու համար:
Առավել խիստ դիրքորոշում են որդեգրել Թուրքիայի իշխանությունները, որոնք «Մահմեդական եղբայրներին» իշխանությունից զրկելը համարել են «պետական հեղաշրջում»: Վարչապետ Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ Արաբական պետությունների լիգային միջամտել հակամարտությանը:





























