Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Հ. Հովհաննիսյանի կողմից ՃՈ տեսուչ Ռ. Վարդանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Հովհաննիսյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Մասնավորապես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում գտնվող հայրական տունը ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռ.Վարդանյանի հորը վաճառելու կապակցությամբ գույքային վեճ է ունեցել Վարդանյանների հետ: Դրանով պայմանավորված՝ տեւական ժամանակ նա հետապնդել է Ռ.Վարդանյանին՝ նրա դեմ բազմաթիվ բողոքներ հասցեագրելով պետական տարբեր ատյաններ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանը 2013թ. մարտի 10-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի մոտ, ականատես լինելով, որ Ռոբերտ Վարդանյանի վարած «1103» կողային տարբերանիշով ՃՈ ավտոմեքենան կանգնեցրել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի պահանջները խախտած քաղաքացու ավտոմեքենան, տեսախցիկով նկարահանելով մոտեցել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմող՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Վանիկ Ղազարյանին եւ իրավախախտում կատարած ավտոմեքենայի վարորդին ու պարզաբանումներ կատարելով` ճշտել, որ վերջինս տրանսպորտային միջոցն իսկապես վարել է անվտանգության ամրագոտին չամրակցված վիճակում։

Այնուհետեւ ՃՈ ավտոմեքենայից հեռանալու ընթացքում, ըստ քրեական գործի նյութերի, Հրանտ Հովհաննիսյանն իրեն հայհոյելու ակնհայտ սուտ պատրվակով պարզաբանում է պահանջել ՃՈ ավտոմեքենայի ղեկի մոտ նստած Ռոբերտ Վարդանյանից, ով սադրանքից խուսափելու նպատակով խնդրել է չխանգարել ծառայությանը, անգամ` փակել է ավտոմեքենայի պատուհանը, սակայն Հրանտ Հովհաննիսյանն անգամ նման պայմաններում հայտարարել է, թե վերջինս հարվածել է իրեն, որպիսի գործողությունները իբր տեսաձայնագրել է։

Դրանից հետո, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը, Հրանտ Հովհաննիսյանն հանցագործություն չկատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով 2013թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որով Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է ծանր հանցագործության` բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ իր վարած ավտոմեքենան կանգնեցնելուց հետո իրեն հայհոյելու եւ դեմքին հարվածելու մեջ, որպիսի կադրեր նրա իսկ ներկայացրած տեսագրությունը չի պարունակում:

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: