Այս տարվա հոկտեմբերի 11-31-ին փորձնական գյուղատնտեսական հաշվառում կանցկացվի Արարատի, Կոտայքի եւ Տավուշի մարզերի որոշ համայնքներում: Այս մասին մարզպետների մասնակցությամբ հերթական  խորհրդակցության ժամանակ նշել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ հավելելով, որ 2014-ին հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառում է անցկացվելու:

Նա հանձնարարել է առաջիկայում համապատասխան հանձնաժողովների նիստեր հրավիրել եւ սերտորեն աշխատել Ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաեւ համայնքների հետ:

Անդրադառնալով ոռոգման շրջանի ընթացքին` Ա. Գեւորգյանը նշել է, որ որոշ մարզերում, մասնավորապես, Արարատ, Արմավիր եւ Արագածոտն, ոռոգման կազմակերպման առումով որոշակի լարվածություն է առաջացել: Սեւանա լճից օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից արդեն վերցվել է 136 մլն խմ-ն, ուստի նա մարզպետներին հորդորեց աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ ընկերությունների, համայնքների հետ` ոռոգումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու եւ ջուրը խնայողաբար օգտագործելու համար:

Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ համայնքներում գերեզմանոցների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին: Նա մարզպետներին հանձնարարել է համապատասխան վերահսկողություն եւ քայլեր իրականացնել` օրենքով սահմանված պահանջների կատարման ուղղությամբ: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ ՏԿ նախարարությունն առաջիկայում կառավարություն կներկայացնի ոլորտի կանոնակարգմանը վերաբերող առաջնահերթ միջոցառումների ծրագիր: