Հայաստանի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ադրբեջանական լրատվամիջոցների հերթական հաղորդագրությունը՝ կապված սահմանում, իբրեւ թե, տեղի ունեցած միջադեպի հետ, պարզապես ծիծաղելի է: Խոսքը ԱՊԱ գործակալության «բացառիկ» նյութի մասին է, որտեղ ներկայացված է օգոստոսի 5-ին տեղի ունեցած հրաձգությունը: Հաղորդագրությունն «օպերատիվորեն» հայտնվել է օգոստոսի 15-ին՝ առավոտյան վաղ ժամից:

«Հետաքրքիր է ստացվում: Ադրբեջանական կողմը այնքան մեծ խառնաշփոթի մեջ է հորինված հաղորդագրությունից, որ «սենսացիայի» որոնումների հետ կապված թոհ ու բոհում տարվել է եւ ինքնակամ խոստովանել Հայաստանի հանդեպ ագրեսիա գործելը, հրադադարի ռեժիմը խախտելը»,-ընդգծել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ NEWS.am-ի համար մեկնաբանելով վերոհիշյալ հաղորդագրությունը:

«Ավելին, այդ «հաղորդագրության» կեղծ լինելու փաստի մասին խոսում է այն փաստը, որ այնտեղ նշված հատվածներում նման անուն-ազգանուններով մարդիկ չեն ծառայում: Ինքնաբերաբար նրանք չեն կարող վիրավորվել, սպանվել եւ, առհասարկ, որեւէ գործողություն կատարել: Տեղեկատվական աղբյուրի բացակայությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ բոլոր «հաղորդագրություններն» իրականությանը չեն համապատասխանում»,-ընդգծել է մամուլի քարտուղարը, հավելելով, որ նմանատիպ հրապարակումները բնորոշ են «դեղին մամուլին», այլ ոչ թե իրեն հարգող լրատվամիջոցին:

 Արծրուն Հովհաննիսյանը այդ առնչությամբ հիշեցրել է, որ ադրբեջանական մամուլում տարածված հաղորդագրություններում ներկայացված են ոչ հայկական բանակի բարքերը: «Գունագեղ, սակայն բոլորովին ոչ ճշմարտանման»,-նկատել է Հովհաննիսյանը:

«Եվս մեկ հետաքրքիր դետալ: Ինչ տրամաբանությամբ է մատների անդամահատումը հանգեցնում «ծայրահեղ» վիճակի, հայտնի է միայն այդ կեղծ տեղեկությունները  տարածողին»,-հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղարը:

Ինչպես ցույց  է տալիս պրակտիկան, նմանատիպ «մեսիջներով» ադրբեջանական կողմը  փորձում է «թաքցնել» սեփական բանակի կորուստները: Ընդ որում, Ադրբեջանի բանակում կորուստների մեծ մասը տեղի են ունենում ոչ մարտական դիրքերում:

Բացառված չէ, սակայն, որ հետագայում պետք է նոր սադրանքներ սպասել ադրբեջանական կողմից: Այս տարվա 7 ամիսների ընթացքում Ադրբեջանը ավելի քան 7960 անգամ խախտել է Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ Ադրբեջանի զինվածու ուժերը դիպուկահար զենք են կիրառել, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել 9 հայ զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:

Օգոստոսի սկզբից ադրբեջանական կողմը ամեն կերպ սադրանքներ է կիրառում, փորձելով ուժեղացնել լարվածությունը սահմանին: Ի լրումն, ադրբեջանական կողմը տարբեր առիթներով թույլ չի տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին տեսակցել հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին:

Միջազգային հանրության աչքին իրեն մի փոքր մաքրելու համար ադրբեջանական կողմը լրատվամիջոցների օգնությամբ սադրիչ նյութեր է հրապարակում իբր տեղի ունեցած միջադեպերի մասին: Դրանց շարքում է այսօր հրապարակված «տեղեկությունը» ոմն գնդի հրամանատար «Հարութ Մինասյանի» եւ «Ավելյանի հայեր» գումարտակի հրամանատարի համար: