Հակոբ Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից:
«Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել եւ ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետեւանքով, եւ հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու»,- հայտնեց մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ ցուցադրեց իր լիակատար արհամարհանքը Միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ: Հերթական անգամ գերեւարված անձի մոտ ժամանակին թույլ չեն տվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, փոխարենը հարվածային տեմպերով «հարցազրույց» են կազմակերպել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը Ոսկեվազ գյուղի բնակիչ է եւ մինչեւ ծառայության մեկնելը սովորել է Ճեմարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով, ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, սոցիալապես անապահով են, իսկ Հակոբը ընտանիքի մեծ որդին է: Նա ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում: Իսկ մոլորվել եւ սահմանը պատահաբար հատել է, երբ գնացել էր ջուր բերելու: Գյուղապետը նշել էր, թե ինքն ու գյուղացիները երկար ժամանակ չէին համարձակվում Հակոբի ծնողներին պատմել կատարվածի մասին: Ավելի ուշ տղայի տուն էին գնացել ռազմական ոստիկանության աշխատակիցները եւ հայտնել: Ինչից հետո հայրը գնացել է նախարարություն: Դիմել են նաեւ «Կարմիր Խաչին»: «Ծնողների վիճակը շատ վատ է: Հատկապես մոր վիճակը: Ամբողջ գյուղը հավաքվում, գնում-գալիս են: Մինչեւ տեսնենք ինչ է լինում»,- ներկայացրել էր գյուղապետը:
Նշենք, որ ԼՂՀ ՊՆ-ն դեպքից հետո հայտնել էր, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:




























