Հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն արդեն 7 օր է, ինչ գերի է Ադրբեջանում, սակայն Բաքվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները դեռեւս չեն հանդիպել նրան:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակում, 11:50-ի դրությամբ ԿԽՄԿ պատվիրակները դեռեւս չեն այցելել Ինջիղուլյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: Տարբեր պատրվակներ հորինելով՝ ադրբեջանական կողմը ձգձգում է Ինջիղուլյանի եւ ԿԽՄԿ ներկայացուցիչների հանդիպումը: Սակայն օրերս ադրբեջանական մամուլում հայտնվել է, իբրեւ թե, Հակոբ Ինջիղուլյանի տված «հարցազրույցը»: Ադրբեջանական կողմի նման գործողությունները Ժնեւյան կոնվենցիաների կոպիտ խախտում են: