Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության ներկայացուցիչներից Հովիկ Ահարոնյանը, օգոստոսի 14-ին քաղաքապետարանի վարչական շենքի մոտ նստացույց իրականացնող ակտիվիստներին հրավիրել է  միանալու եւ մասնակցելու առաջիկա շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին Եռաբլուրի հարակից տարածքի մաքրման աշխատանքներին: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը:

«Ակտիվիստների կողմից այս պահի դրությամբ դեռեւս որեւէ արձագանք չի եղել: Հուսանք, որ նրանք ամեն դեպքում կմասնակցեն այս հանրօգուտ, համաքաղաքային միջոցառմանը»,-ասել է նա:

Այս առնչությամբ, նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեկ նման առաջարկ իսկապես իրենց արվել է, բայց իրենք չեն ընդունել այն: «Մենք նստացույցի մեջ ենք: Մենք երեքով չենք մասնակցի: Իսկ ակտիվիստները թող իրենք որոշեն կմասնակցեն, թե՝ ոչ»,-ասաց նա:

Նշենք, որ հունիսի 22-ից մեկնարկած եւ շարունակվող «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման հանգստի գոտիներում:  Հաշվի առնելով միջոցառման նշանակությունը, մաքրման աշխատանքներին այս երեք շաբաթների ընթացքում պարբերաբար միացել են ինչպես պետական, հասարակական, մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ ուղղակի երեւանցիներ: