Կառավարությունն իր այսօրվա նիստում, «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչեւ 2016թ. օգոստոսի 15-ը: Կառավարության նիստը վարել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում նախատեսում է կառուցել շուրջ 10.7 հազար քառ. մետր մակերեսով վարունգի եւ լոլիկի ջերմոցային տնտեսություն, որը հագեցած կլինի ոլորտում հայտնի հոլանդական սարքավորումներով: Կատարվելու է մոտ 660 մլն դրամի ներդրում, որից հետո հնարավոր կլինի տարեկան արտադրել շուրջ 700 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Կստեղծվի ավելի քան երկու տասնյակ աշխատատեղ:

Այնուհետեւ կառավարությունը հաստատել է «Ատ-մետալս» ՍՊԸ-ին վերաբերող իր նախորդ` 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշման փոփոխությունը եւ լրացումը` լրացնելով եւ հստակեցնելով ներմուծվող ապրանքների ցանկը: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու եւ արծաթի ստացման համար: «Ատ-մետալսը» ընթացիկ տարում մտադիր է բացել 75, հաջորդ տարի` 105 աշխատատեղ: Ամսական միջին աշխատավարձը կհասնի 270 հազար դրամի: