Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 15-ի նիստում, որը վարել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, հաստատել է կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձեւը եւ ժամկետները:
Սույն ակտի ընդունումը բխում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջից, ըստ որի մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ դրա գործունեության դադարեցման դեպքում անհրաժեշտ է կանոնակարգել նշված գործընթացին առնչվող հարաբերությունները:
Մեկ այլ որոշում թելադրված է AMPIS ծրագրի տեստավորման ընթացքում առաջացած խնդիրների եւ դրանց լուծման նպատակով արդեն իսկ ընդունված իրավական ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ: Կամավոր եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչների արդյունավետ եւ անխափան գործունեության համար անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան ենթաօրենսդրական դաշտ, ինչին եւ միտված են նշված որոշումները:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը` դրանով իսկ միասնականացնելով 2013-2014թթ. ընթացքում հարկային օրենսդրության վերանայման միջոցառումների ծրագրերը:





























