Հայաստանի կառավարությունն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի առաջարկությունները:

Մասնավորապես, իր այսօրվա՝ օգոստոսի 15-ի նիստում, կառավարությունն իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնց հիմք են հանդիսացել քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերում կիրառվող «ոչ բնակելի տարածք (բացվածք)» եւ «բացվածք» հասկացությունները սահմանելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ վարչապետին եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից` ՀՀ քաղաքաշինության նախարարություն ուղղված առաջարկությունները:

Նշված տերմինները հստակեցվել են եւ համապատասխանեցվել ազգային եւ միջպետական ստանդարտներով սահմանված հասկացություններին:

Երեւանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող տարածքի իրացման եւ անհրաժեշտ փաստաթղթային ձեւակերպման աշխատանքը շուրջ վեց ամսով երկարաձգելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մեկ այլ` պետական գույքն օտարելու որոշման մեջ:

Գործադիրը փոփոխել եւ լրացրել է ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու իր նախկին որոշումը: Նպատակահարմար է համարվել միացնել «Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա» եւ «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ները, Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական եւ գինեկոլոգիական բաժանմունքը եւ Արմավիրի բժշկական կենտրոնը, իսկ բաժանմունքի տարածքում ստեղծել մարզային էնդոկրինոլոգիական ստացիոնար ծառայություն: