Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 15-ին հրամանագիր է ստորագրել Մհեր Շահգելդյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: Վերջինս նախագահի հրամանգրերով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտըոնից: Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատել է նաեւ Գուրգեն Սարգսյանին ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնից, որի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Մանուկ Վարդանյանը: Վերջինս նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:
Ստորեւ ներկայացնում ենք նոր նախարարների կենսագրական տվյալները:
Արմեն Երիցյան
Ծնվել է1960թ. Երեւան քաղաքում: 1978թ. ավարտել է Երեւանի թիվ 12 միջնակարգ դպրոցը: 1979-1981թթ. ծառայել է Զինված ուժերում: ՀՀ ոստիկանությունում ծառայում է 1982թ-ի օգոստոս ամսից: 1984-4986թթ. սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոցում: 1987-1990թթ. ուսանել եւ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցը եւ ծառայությունը շարունակել Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորի, ավագ օպերլիազորի, բաժանմունքի պետի պաշտոններում: Ծառայության ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ` Խորհրդային ՆԳ բաժնի պետի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի, նույն վարչության պետի, Կոտայքի մարզային վարչության պետի, իսկ 1999թ-ի օգոստոս ամսից` կրկին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնները: 2001թ. օգոստոս ամսին նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնին, 09.01.2003թ-ից` ՀՀ ոստիկանության պետի տեղակալի, իսկ 04.06.2008թ-ից` ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին: 2000թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Արիության մեդալով, 2006թ-ին` ՙՀասարակական կարգի գերազանց պահպանման համար՚ մեդալով եւ նույն թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է ՙՄխիթար Գոշ՚ մեդալով: Ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիա ն:10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների եւ 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Մանուկ Վարդանյան
Ծնվել է 1961թ-ին Գյումրի քաղաքում: 1978թ-ին ավարտել է Երեւանի N 159 միջնակարգ դպրոցը: 1983թ. ավարտել է Մոսկվայի Հողաշինարարական ինստիտուտը: 1983-1985թթ. աշխատել է ՚Հայպետհողշիննախագիծ՚ ինստիտուտում: Այնուհետեւ Հրազդանի շրջխորհրդի գործկոմում` որպես գլխավոր ինժեներ-հողաշինարար: 1995թ-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: 1996-1997թթ. աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունում` որպես կադաստրի վարչության պետ: 1997-2009թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը: Զինապարտ է: Ունի տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով/2003թ./: 2002թ. ՀՀ վարչապետի կողմից ստացել է շնորհակալագիր, իսկ 2006թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր:


























