ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Ուկրաինայից վերադարձել է Հայաստան եւ պատրաստվում է Զվարթնոցում նոր առողջարան բացել, որը հարմար տարբերակ կլինի նաեւ հայ գործարարների ու պաշտոնյաների համար: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀԿ-ական գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը:
Նա հստակեցրեց, որ խոսքը Ուկրաինայում հայտնի «Սակի» առողջարանային համալիրի մասին է, որի մի մասնաճյուղն էլ կբացվի Հայաստանում: «Այնտեղ տարատեսակ բուժումներ են կատարվում: Մենք մեր նախնական պայմանագիրը վերջացրել ենք: Հիմա սարքավորումներ ենք տեղադրում, որպեսզի Հայաստանում կարողանանք ունենալ առողջարանային կենտրոն եւ որտեղ կբուժվեն մի շարք հիվանդություններ: Դա լուրջ առողջարան է հատկապես հաշմանդամների, մեջքի ցավ ունեցողների, չբերների համար: Ընդհուպ մինչեւ լնդերի բուժում կա: Արդեն աշխատանքները սկսել են: Փորձում ենք այնպես անել, որ մինչեւ տարվա վերջ կսկսի աշխատել»,- մանրամասնեց Հակոբ Հակոբյանը: Նա նաեւ հստակեցրեց, որ տարածքը լինելու է Զվարթնոց համալիրի 2 եւ 3 հարկերում: «Հիմա մարդիկ ոչ թե թանկ ու կրակ կգնան այնտեղ, այլ մեզ մոտ կհանգստանան: Իսկ բժշկական անձնակազմը բերելու ենք այնտեղից: Նման մասնագետներ այստեղ չկան: Առաջիկա երկու տարին նրանց կբերենք, հետո մերոնք կամաց-կամաց կսովորեն: Ընդհանուր 35-40 աշխատատեղ կլինի: 10 բժիշկ դրսից կլինի, իսկ սպասարկող անձնակազմը այստեղից»,- նշեց գործարարը:
Հարցին, թե առողջարանը միայն տեղի բնակչության համար է, թե նաեւ զբոսաշրջիկների, Հակոբյանն արձագանքեց. «Գնային առումով ավելի էժան կլինի, քան այնտեղ: Բացի այդ, մենք սարքում ենք սուպեր լյուքս: Այսինքն` նրանից մոտ 80 տոկոսով ավելի լավն է լինելու: Ինչը իր հերթին կգրավի զբոսաշրջիկներին: Մեկ կարեւոր հանգամանք էլ կա: Այստեղի գործարարները ովքեր բուժվելու ցանկություն ունեն, բայց ժամանակ չունեն: Նրանք կարող են գան իրենց բուժումը ստանան գնան տուն: Համ աշխատեն, համ բուժվեն: Հատկապես այն դեպքում, երբ 7 կմ է հեռու քաղաքից»:





























